Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են

Առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուս Հովսեփյանը։ Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Ընդ որում, ըստ Թադևոսյանի, Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև ընտրական չարաշահումների մեջ։

«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, իսկ Մենուա Հովսեփյանը նաև Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքը և ծառայողական կախվածությունն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով», – ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։

Փոխքաղաքապետերից բացի ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի 2 աշխատակիցներ՝ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Գորիսի քաղաքապետարանից առգրավվել են փաստաթղթեր, խուզարկություն է իրականացվել նաև Գորիսի ձերբակալված պաշտոնատար անձանց բնակարաններում։

Այս պահին նախաքննություն է իրականացվում, այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։

Գորիսի 30-ամյա քաղաքապետ Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, կալանքի տակ է։ Նա մեղադրվում էր արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար, սակայն նրան առաջադրված մեղադրանքն օրերս մեղմացվեց՝ դատախազի ցուցումով վերացվեց ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու հոդվածը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button