Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ղարաբաղում հրադադարի խախտման նոր դեպքի մասին։
Ըստ այդ հաղորդագրության, օգոստոսի 16-ին՝ երեկոյան 9-ին Շուշա (Շուշիի) շրջանում «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև փոխհրաձգություն է արձանագրվել», որը շարունակվել է մոտ 15 րոպե։ Ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ միջադեպը հարթվել է, տուժածներ չկան, հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Հաղորդագրությունը, սակայն, չի հստակեցնում՝ որ կողմն է առաջինը խախտել հրադադարը։
Ղարաբաղում նոյեմբերի 9-ից հաստատված հրադադարի խախտման մասին ռուսական կողմը հաղորդել էր նաև անցած շաբաթ․ նախորդ հաղորդագրության մեջ ՌԴ պաշտպանության նախարարությունն արձանագրել էր, որ Ադրբեջանի զինուժն է հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառել Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
«Ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շտաբերի հետ», – հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։