Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հարուստ պետություններին կոչ է անում սառեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումները և այդպիսով ցածր եկամուտով երկրների բնակիչներին ընձեռել առաջին դեղաչափը ստանալու հնարավորություն:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ավագ խորհրդական Բրյուս Այվարդն ասել է, որ այս պահին աշխարհում կան անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր, սակայն «դրանք չեն ուղարկվում ճիշտ կարգով և ճիշտ հասցեով»:
ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Սոումյա Սվամինատանը «դելտա» տարբերակի վտանգի մասին է խոսել:
«Քանի որ «դելտայի» վարակելիությունն ավելի բարձր է, մենք տեսնում ենք, որ այն երբեմն ախտորոշվում է նույնիսկ երկու ներարկում ստացածների մոտ, բայց հիվանդության ծանր ընթացքի և մահացության առումով ակնհայտ է, որ վակցինաներն աշխատում են և արդյունավետ են նաև «դելտայի» պարագայում», – ասել է Սոումյա Սվամինատանը:
Վակցինայի երրորդ ներարկման նպատակն է ավելացնել հակամարմինները և խթանել երկու ներարկում արդեն ստացած օրգանիզմի պաշտպանությունը, սակայն ԱՀԿ մասնագետները նշում են, որ շատ երկրներում մարդիկ դեռ առաջին դեղաչափը չեն ստացել, ուստի, պետք է նախևառաջ մտածել այդ երկրների բնակիչների մասին:
ԱՀԿ մասնագետները նշում են, որ երկու դեղաչափեր ստացած համայնքներում «դելտայի» տարածումը կանխելու համար բավական է հետևել սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակներ կրելու կանոններին: