Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ղրղըզստան մեկնարկել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպումը։
«Ուրախ եմ ողջունել Ձեզ մեր հյուրընկալ հողում։ Օգտվելով առիթից՝ թույլ տվեք անկեղծ շնորհավորանքներ հայտնել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընթացիկ տարում Հայաստանը, ինչպես և Ղրղզստանը, նշում են անկախության 30-ամյա հոբելյանը։ Ուրախ եմ այս հնարավորության համար՝ շնորհավորելու Ձեզ և ի դեմս Ձեզ ողջ հայ ժողովրդին այդ կարևոր տոնի առիթով», – ասել է Ժապարովը։
Փաշինյանն ևս շնորհավորել է Ժապարովին՝ ընդգծելով, որ սա իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է՝ Ղրղըզստանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։
«Այո՛, Դուք ճիշտ նշեցիք, այս տարի մեր երկրները նշում են անկախության 30-ամյակը, և ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ այդ հոբելյանի առիթով։ Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար», – ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է՝ ցավոք երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ և պետք է աշխատել այդ ուղղությամբ։
«Վստահ եմ՝ Դուք նույնպես տրամադրված եք այդ աշխատանքին, և շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որպեսզի քննարկենք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը», – ասել է վարչապետը։
Փաշինյանն ու Ժապարովը վերահաստատել են փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայ-ղրղըզական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի աշնանը նախատեսված նիստի անցկացումը։
ՀՀ վարչապետը և Ղրղըզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղըզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։
Փաշինյանը և Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով