Բուլղարիայում վերստին քաղաքական ճգնաժամ է, քանի որ հուլիսի 11-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունները չեն կարողանում համաձայնեցնել կառավարություն կազմելու հարցը:
Դրա հետևանքով Բուլղարիայում կարող են տեղի ունենալ այս տարում թվով արդեն երրորդ արտահերթ ընտրությունները:
Նախագահ Ռումեն Ռադևը խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԳԵՐԲ կուսակցության ներկայացուցիչ Դանիել Միտովին պաշտոնապես փոխանցել է կառավարություն կազմելու մանդատը, որը վարչապետի թեկնածուն տեղում անմիջապես վերադարձրել է:
Միտովն այդ քայլին է դիմել, քանի որ կուսակցույունը խորհրդարանում չունի կառավարության կազմը հաստատելու համար պահանջվող ձայներ:
Խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունի «Կա այսպիսի կուսակցություն» անվամբ քաղաքական ուժը, որը սակայն նույնպես չունի կառավարություն կազմելու համար բավական թվով քվեներ:
Փորձագետները նշում են, որ Եվրոպական միության ամենաաղքատ երկիրը համարվող Բուլղարիայում քաղաքական ճգնաժամն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, հատկապես եթե հաշվի առնել, որ Բուլղարիայում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը: