Մեկ միլիարդ երեխայի կյանքը խիստ վտանգված է կլիմայական ճգնաժամի ազդեցությունների հետևանքով. ՅՈՒՆԻՍԵՖ

Loading...

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Նիգերիայի, Գվինեայի և Գվինեա-Բիսաուի երեխաների կյանքն ամենաշատն է վտանգված կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքով, որոնք սպառնում են նրանց առողջությանը, կրթությանը և պաշտպանությանը. դա խոցելի է դարձնում նրանց մահացու հիվանդությունների նկատմամբ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօրվա զեկույցում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է. երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակից»-ը երեխայի տեսանկյունից արված առաջին համապարփակ վերլուծությունն է կլիմայական ռիսկերի վերաբերյալ։ Վերլուծության մեջ երկրները դասակարգված են ըստ այն վտանգների, որոնց երեխաները ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների, օրինակ՝ ցիկլոնների ու ջերմային ալիքների հետևանքով, ինչպես նաև ըստ երեխաների՝ այդ ցնցումների նկատմամբ խոցելիության` հաշվի առնելով նրանց համար հիմնական ծառայությունների հասանելիությունը։

Զեկույցում նշված է, որ աշխարհի բնակչության գրեթե 2․2 միլիարդ երեխաներից մոտ 1 միլիարդն ապրում է «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված 33 երկրներից մեկում։ Այս երեխաները խոցելիության բարձր ցուցանիշով առերեսվում են կլիմայական և բնապահպանական բազմաթիվ ցնցումների մահացու ազդեցությանը՝ հիմնական ծառայությունների (ջուր, սանիտարական պայմաններ, առողջապահություն և կրթություն) ոչ բավարար լինելու պատճառով: Վերլուծության մեջ նաև նշված է վտանգի ենթարկվող երեխաների թիվը, և շատ հավանական է, որ այս թիվը կմեծանա կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հաճախականության ավելացմանը զուգընթաց։

«Առաջին անգամ մենք ունենք համընդհանուր պատկերը՝ որտեղ և ինչպես են երեխաները դառնում խոցելի կլիմայական փոփոխության նկատմամբ, և այդ պատկերն անհավատալիորեն սարսափազդու է»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը։

Զեկույցի մեջ նաև նշված է ջերմոցային գազերի արտանետումների և երեխաների վրա ամենաշատը ներգործող կլիմայական ազդեցությունների միջև փոխկապակցության բացակայության մասին։ 33 «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված երկրները միասին արտանետում են ածխաթթու գազի գլոբալ արտանետումների 9 տոկոսը միայն: Մինչդեռ 10 ամենաշատ արտանետող երկրները միասին կազմում են գլոբալ արտանետումների գրեթե 70 տոկոսը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և համապատասխան դերակատարներին՝ մեծացնել կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները երեխաների համար հիմնական ծառայություններում; կրճատել ջերմոցային գազերի արտանետումները; երեխաներին տրամադրել կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթություն և «կանաչ» հմտություններ, որոնք կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու և դիմակայելու համար; ապահովել, որ COVID-19 համավարակից հետո վերականգնումը լինի «կանաչ», ցածր ածխածնային և ներառական, այնպես որ կլիմայի ճգնաժամին դիմակայելու և դրան արձագանքելու ապագա սերունդների կարողությունը չխաթարվի:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button