Հունաստանը ավարտել է Թուրքիայի հետ սահմանին 40-կիլոմետրանոց պատի կառուցումը և հսկողության սարքավորումներ է տեղադրել:
Պատի շնորհիվ հույները ցանկանում են կանխել Թուրքիայի տարածքով աֆղանստանցի փախստականների մուտքը Հունաստան:
Համակարգի հուսալիույունը ստուգելու համար Թուրքիայի հետ սահմանի մոտ են ժամանել Հունաստանի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության նախարարները:
Եվրոպական միությունում ենթադրում են, որ Աֆղանստանում թալիբների հաղթանակի հետևանքով մեծ թվով աֆղամնսստանցիներ կփորձեն հեռանալ երկրից և ապաստանել Եվրոպայում:
Այդպիսով կարող է կրկնվել 2015 թվականի ճգնաժամը, երբ մոտավորապես մեկ միլիոն փախստականներ հեռացան Մերձավոր Արևելքից և Թուրքիայից տեղափոխվելով Հունաստան՝ այնտեղից շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Եվրամիության այլ պետություններ:
Աթենքը հայտարարել է, որ ամեն ինչ կանի «ևս մեկ անգամ Եվրոպայի դարպասի չվերածվելու համար»:
«Մենք ստուգել ենք հսկողության և անվտանգության համակարգերի աշխատանքը, պետք է ասեմ, որ Հունաստանը կշարունակի հզորացնել իր պաշտպանությունը բոլոր հնարավոր և հավանական սպառնալիքները վնասազերծելու համար»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը:
«Աֆղանստանի ճգնաժամը նոր գործոն է աշխարհքաղաքական ասպարեզում, կա միգրանտների նոր հոսքերի սպառնալիք: Մենք Եվրամիության անդամ պետություն ենք և պետք է համապատասխան քայլերի դիմենք, մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե ինչ կլինի»,- ասել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:
Հունաստանի և Թուրքիայի սահմանով հոսող գետի երկայնքով հունական կողմից պատի կառուցումն անցյալ տարի է սկսվել:
Եվրամիության սահմանների գործակալությունը Հունաստանին միջոցներ է տրամադրել ցամաքային և ծովային սահմաններն ամրացնելու համար:
2015 թվականի փախստականների միջազգային ճգնաժամից հետո Հունաստանի տարածքում մնացել է մոտ 60 հազար ապօրինի ներգաղթյալ: