Կիրակի օրը՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից երկու օր անց, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելում է Ուկրաինա:
Նախատեսվում է, որ որպես կանցլեր 16-ամյա պաշտոնավարման ավարտին «հրաժեշտի շրջագայություն» կատարող Մերկելը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, թե «շարունակելու է աշխատել Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար» մինչև սեպտեմբերին Գերմանիայում անցկացվելիք ընտրություններից հետո պաշտոնին հրաժեշտ տալը:
Այդուհանդերձ, լրատվական գործակալությունները նշում են, որ Գերմանիան քննադատվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը սատարելու համար, որը, ինչպես զգուշացրել են Միացյալ Նահանգները և այլ պետություններ, կմեծացնի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից և կարող է զրկել Ուկրաինային դրանց տարանցման վճարներից:
Պաշտոնական Բեռլինը բարձրացրել է Ուկրաինայի համար փոխհատուցման հնարավոր մեխանիզմ ստեղծելու հարցը: