80 տարեկանում Լոնդոնի հիվանդանոցում մահացել է Rolling Stones խմբի հարվածող Չարլի Ուոթսը:
«Նա հանգիստ և խաղաղ հեռացավ կյանքից, շրջապատված իրեն սիրող ազգականներով».- ասել է Ուոթսի ընտանիքի խոսնակը:
«Չարլին նվիրված ամուսին էր, հայր և պապիկ, նա Rolling Stones-ի հիմնադիրներից էր և իր սերնդի լավագույն հարվածողներից մեկը»,- հայտարարել է խոսնակը:
Rolling Stones խումբը մի քանի շաբաթ առաջ հաղորդել է, որ Ուոթսն առողջական հանգամանքների բերումով չի մասնակցի աշնանը Միացյալ Նահանգներում նախատեսված հյուրախաղերին:
Խումբը հայտնել էր, որ «Չարլիին միառժամանակ կփոխարինի մեր հին ընկերներից հարվածող Սթիվ Ջորդանը: Չարլիի խնդիրը հաղթահարելի է, նա ենթարկվել է շատ հաջող միջամտության, և մենք հավատում ենք, որ նա առաջիկայում կվերադառնա ու կմասնակցի համերգներին»:
«Մեծագույն պատիվ է փոխարինել Չարլիին, ես ամեն ինչ կանեմ այս աշխատանքը լավ կատարելու համար, բոլորս սպասում ենք նրա շուտափույթ վերադարձին»,- ասել է Ջորդանը:
1960-ականներին Ուոթսը, ինչպեսև բոլոր «ռոլինգները» և այդ սերնդի ռոք-երաժիշտները, թմրադեղ և ալկոհոլ է օգտակործել, սակայն հետագայում հրաժարվել է և՛ մեկից, և՛ մյուսից:
1980-ականների վերջին Ուոթսը թողել է ծխելը, և այնուամենայնիվ, 2004 թվականին նրա մոտ կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել:
Նա ռադիոթերապիայի բուժում է ստացել: Բժիշկները հավաստիացրել են, որ բուժումը շատ հաջող է անցել:
Այդ տարի խմբի երգիչ Միք Ջեգերը Ուոթսին ասել է,- «Տես, մենք մտադիր ենք նոր սկավառակ գրել, բայց դա կանենք միայն այն բանից հետո, երբ դու կապաքինվես և կվերադառնաս ստուդիա»:
Rolling Stone երաժշտական հանդեսը 2016 թվականին կազմել է աշխարհի100 լավագույն հարվածողների ցուցակը, որում Չարլի Ուոթսը 12-րդ տեղն է գրավել:
Սակայն Ուոթսը ոչ միայն ռոքի ասպարեզում էր լեգենդ, նա ջազի մեծ սիրահար էր, ձայնագրվել է ջազ-երաժիշտների հետ, հովանավորել է երիտասարդ ջազմեններին և մեծ հարգանք է վայելել ջազի աշխարհում: Նա թողարլել է մոտ տասնյակ ջազ-սկավառակներ:
Նրան անվանել են «լռակյաց ռոլինգ», նա քչախոս էր, չէր սիրում տալ հարցազրույցներ, բայց երբ պատասխանում էր լրագրողների հարցերին, նրանք ամեն անգամ նշում էին, որ Չարլի Ուոթսն ունի ֆանտաստիկ բրիտանական հումոր, շատ ճաշակով և կոկիկ է հագնված, շատ պարկեշտ և համեստ կեցվածք ունի»:
Հարցազրույցներից մեկում Ուոթսն ասել է, որ չի սիրում հյուրախաղերի շրջանը, հոգնում ու ձանձրանում է հյուրանոցներից, քաղաքից քաղաք, երկրից երկիր, մայր ցամաքից մայր ցամաք տեղափոխվելուց:
Նա ասել է, որ փոխարենը սիրում է հանգիստ մթնոլորտում ժամանակն անցկացնել ընտանիքի անդամների և մի քանի մտերիմ ընկերների հետ:
Չարլի Ուոթսը 1962 թվականին է Լոնդոնում ծանոթացել «ռոլինգներ» Միք Ջեգերի, Քիս Ռիչարդզի, Իեն Սթյուարթի և Բրայան Ջոնսի հետ և 1963-ին է դարձել խմբի մշտական հարվածողը:
Ուոթսը 1964 թվականից ամուսնացել է Շիրլի Էնն Շեֆերդի հետ, ում հանդիպել է նախքան Rolling Stones-ին միանալը:
1968-ին ծնվել է Չարլիի և Շիրլիի դուստրը՝ Սերաֆինան: Վերջինս, իր հերթին, ծնել է Ուոթսի և Շեֆերդի միակ թոռնուհուն՝ Շարլոթին: Չարլիի խորթ թոռնիկը՝ Դիլանը, բնակվում է ԱՄՆ-ում:
Վերջին տարիներին նա իր կնոջ հետ ապրել է Դոլթոն անունով պստիկ ավանում գտնվող առանձնատանը:
Տասնամյակների ընթացքում մի քանի երաժիշտներ տարաձայնությունների և այլ խնդիրների բերումով հեռացել են Rolling Stones-ից:
Երբ 1974 թվականին հերթական վեճից հետո խմբից հեռացել է կիթառահար Միք Թեյլորը, զայրացած Կիս Ռիչարդզն ասել է.- «Սա Rolling Stones-ն է, հասկացեք, ոչ ոք չունի այս խմբից հենց էնպես հեռանալու իրավունք, դա կարելի է անել միայն փայտյա արկղում»: