Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը

Loading...

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ընդգծում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։

«Մենք, կարելի է ասել, 30 տարի է` նրանց ենք սպասում, ժամանակին խնդրել ենք, որ գան ու արձանագրեն հայերի հասցրած վնասը: ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, հայտարարում էին, թե կառույցը քաղաքական հարցերին չի միջամտում: Պատերազմից հետո, մինչդեռ, մենք ազդակներ ստացանք, որ նրանք ուզում են գալ: Իհարկե, զարմացանք, բայց՝ համաձայնեցինք: Եվ, որքան ես գիտեմ, առաքելությունն արդեն ստեղծվել է, սակայն հիմա Հայաստանն է դեմ, այդ իսկ պատճառով նրանց այցը կրկին հետաձգվում է», — նշել է Ալիևը:

ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։

«Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի», — հայտնում են ԱԳՆ-ից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու և հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է, ԱԳՆ-ն հիշեցնում է՝ դեռևս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։

«Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը», — նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ն ընդգծում է, որ հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button