Վիեննայում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ալեքսանդր Շալենբերգի և Սերգեյ Լավրովի բանակցությունները:
Արտգործնախարարները հայտարարել են, որ երկու երկրները պարտավոր են շարունակել համագործակցությունը:
«Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը, նույնիսկ եթե մենք կանգնած են գետի տարբեր ափերին, մեր միջև կամուրջը չի քանդվի: Չի կարելի մոռանալ, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է»,- ասել է Շալենբերգը:
Նրա խոսքով, երկու պետությունների միջև հաստատված երկխոսությունը թույլ է տալիս քննարկել նաև այն հարցերը, որոնց շուրջ Վիեննան և Մոսկվան համաձայնություն չունեն:
«Մենք ցանկանում ենք Եվրոպական միության և այդ կառույցի առանձին երկրների հետ պահպանել գործնական հարաբերություններ՝ բացարձակ իրավահավասարության սկզբունքով և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք ցանկանում ենք համաձայնության հասնել այն բնագավառներում, որտեղ ունենք փոխադարձ շահեր»,- ասել է Լավրովը:
Նա գոհունակությամբ նշել է, որ այս տարվա հոկտեմբերին տեղի կունենա ռուս-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստը: