ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Վիետնամին առաջարկել է Վաշինգթոնի աջակցությունը Չինաստանի հարձակողական դիրքորոշմանը հակազդելու համար:
Հարիսը, մասնավորապես, ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է Վիետնամին օգնություն տրամադրել մի շարք ասպարեզներում, այդ թվում Հարավչինական ծովում անվտանգությունը հզորացնելու հարցում, քանի որ Պեկինն այդ շրջանում մեծ հավակնություններ ունի և առավել ագրեսիվ կեցվածք է դրսևորում:
Քամալա Հարիսի փոխանցմամբ, ամերիկան ռազմական նավատորմի նավերը կարող են ավելի հաճախ հայտնվել այդ շրջանում:
Հարիսը Հանոյում բանակցել է Վիետնամի նախագահ Նգուեն Հուան Ֆուկի, փոխնախագահ Վո Տի Ան Հուանի և վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:
Հարիսը և Վիետնամի ղեկավարները քննարկել են նաև այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններն, այդ թվում կորոնավիրուսի համավարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարը:
Քամալա Հարիսի Սինգապուր և Վիետնամ կատարած մեկշաբաթյա այցի նպատակն է հակազդել տարածաշրջանում տնտեսական և քաղաքական ազդեցությունն ամրապնդելու Չինաստանի փորձերին: