Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հաշվի առնելով դիտողությունը և ծրագրի մեջ բավականին թերի նաև ուղղությունները՝ դաշինքը կարծում է, որ միևնույն է ծրագիրը դուք ընդունելու եք, մենք էդ ծրագրի քվեարկությանը չենք մասնակցի», – ասաց Օհանյանը։
Ազգային ժողովը արդեն երրորդ օրն է քննարկում է կառավարության ծրագիրը։ Նախատեսված է նաև քվեարկություն, որպեսզի ծրագիրն ընդունվի։ Անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, որն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմության ձայների էլ ունի։
Երեկ և նախորդ օրը բովանդակային քննարկումները հետին պլան էին մղված, հիմնականը՝ փոխադարձ մեղադրանքները, հայհոյանքն ու քաշքշոցն էին, որը երեկ արդեն ձեռնամարտի ու ոտքերով հարվածների վերածվեց։