Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն Manchester City-ն կարող է պայմանագիր կնքել արդիական ֆուտբոլի գերաստղ, իտալական Juventus-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Վերջնական որոշում դեռ չկա:
Juventus-ի հետ 36-ամյա մարզիկի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է հաջորդ տարվա ամռանը, սակայն գերաստղը ցանկանում է հեռանալ Տուրինի թիմից:
Juventus-ը դեմ չէ նրա հետ պայմանագիրն ընդհատելուն, բայց պահանջում է առնվազն 25 միլիոն եվրոյի հատուցում տրանսֆերի համար:
City-ն առաջարկում է ազատ տրասֆեր և երկու տարվա պայմանագիր, որի համաձայն, Ռոնալդում յուրաքանչյուր մրցաշրջանի համար կստանա 15 միլիոն եվրո:
Sky Italy հեռուստակայանի տեղեկություններով, Ռոնալդուի պորտուգալացի մենեջեր Ժորժե Մենդեշը փորձում է պայմանագիր համաձայնեցնել որևէ խոշոր ակումբի հետ, որը պատրաստ կլինի Juventus-ին 25 միլիոն եվրո վճարել:
Manchester City-ն վերջերս 100 միլիոն բրիտանական ֆունտով (մոտ 118 միլիոն եվրո) պայմանագիր է կնքել Aston Villa ակումբի և Անգլիայի հավաքականի 25-ամյա եզրային հարձակվող Ջեք Գրիլիշի հետ, և առայժմ պարզ չէ, թե արդյո՞ք «մանկունիանցիների» տերերը պատրաստ կլինեն ևս մեկ խոշոր գումար տրամադրել:
Կրիշտիանու Ռոնալդուի մենեջերի և Manchester City ակումբի ներկայացուցիչների բանակցությունները շարունակվում են, Եվրոպայի ֆուտբոլային շուկայում ամառային տրանսֆերների պատուհանը կփակվի օգոստոսի 31-ին: