Քաբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է հարյուրից, վերջին տվյալներով, մահացածներից 90-ը աֆղանցիներ են, 13-ը` ամերիկացի զինվորականներ, վիրավորների թիվն անցնում է 150-ից:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը թշնամական հարաբերություններ ունի Աֆղաստանում իշխանության եկած թալիբների հետ:
Մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյուններից ժամեր առաջ դեռ արևմտյան պետությունները զգուշացրել էին, որ հավաստի տեղեկություններ ունեն հնարավոր հարձակումների մասին` հորդորելով իրենց քաղաքացիներին հեռու մնալ օդանավակայանի տարածքից:
Արյունալի միջադեպից ժամեր անց` հատուկ ելույթով դիմելով ամերիկացիներին, նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները կգտնի և կպատժի մեղավորներին: Բայդենը նշել է, որ Պենտագոնին արդեն հանձնարարվել է ծրագիր մշակել` ծայրահեղ իսլամիստներին պատասխան հարված հասցնելու համար: