Պաշտոնական Երևանը կոչ է անում միջազգային կառույցներին՝ ակտիվացնել ճնշումը Բաքվի վրա՝ հայ գերիներին ազատելու համար

Loading...

Պաշտոնական Երևանը կոչ է անում միջազգային կառույցներին՝ ակտիվացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ Բաքուն հերքում է տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, ինչպես նաև արհամարհում Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու՝ ՄԻԵԴ-ի որոշումները, խոչընդոտում գերիների վերադարձը։

«Ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները», — ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարել է Միրզոյանը՝ հանցագործություն որակելով ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը։

Պատերազմի ավարտից գրեթե 9 ամիս է անցել, սակայն Ադրբեջանում դեռ գերիներ կան, Ադրբեջանը փաստացի չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։

Պատերազմի ավարտից օրեր անց Խծաբերդի ու Հին թաղերի դիրքերից գերեվարված 64 զինծառայողներից 24-ն են վերադարձել հայրենիք։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, ոմանք դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է։ Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button