Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե հետպատերազմյան ժամանակաշրջանը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը երբևէ խաղաղ եղանակով չէր կարգավորվի:
Այդ մասին Ալիևն ասել է Շուշիում՝ բացելով ադրբեջանցի բանաստեղծ Վագիֆի օրերին նվիրված միջոցառումը:
«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը գրեթե 30 տարի է տևել, բայց ոչ մի արդյունք չի տվել: Այսօրվա ընթացքը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները վկայում են, որ ղարաբաղյան խնդիրը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով», – ասել է Ալիևը:
Նրա փոխանցմամբ, միջազգային համայնքը փորձել է «սառեցված կոնֆլիկտը» ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:
«Մենք միշտ ուրիշ տեսակետ ենք ունեցել, և ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը չլուծվի խաղաղ եղանակով, ապա մենք մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնենք ռազմական ճանապարհով», – ասել է Ալիևը, նշելով, որ միջազգային բոլոր սկզբունքները և կանոնները ճանաչում են Ադրբեջանի այդ իրավունքը:
«ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, պատմական արդարությունը տվել են մեզ այդ իրավունքը, և մենք հասել ենք մեր նպատակին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: