Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի, այսօր հայտարարել է այդ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հնչող մտավախություններն անհիմն են։ ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմա-քաղաքական կառույց է։ Այն կարող է կոլեկտիվ պաշտպանական ուժերը կիրառել բացառապես իր պատասխանատվության գոտում», – հայտարարել է Զասը։
Այսօր ավելի վաղ Աֆղանստանում ստեղծված կացությանն անդրադարձել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Այդ երկրում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից անգամ սեփական կյանքի գնով», – նշել էր Շոյգուն։