Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

Loading...

Մոսկվան արձանագրել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շուրջ դրական ազդակներ: «Գիտեք, Մոսկվան մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու դիրքերից», — այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուիցչ Մարիա Զախարովան, հավելելով, թե 2009-ին Մոսկվան արդյունավետ աջակցել է առանց նախապայմանի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և դրական դերակատարություն է ունեցել ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման գործում:

Մոսկվան այսօր էլ պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Զախարովան ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս: Զախարովան, սակայն, հստակ չի պատասխանել, թե արդյոք այդ հարաբերությունների կարգավորումը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, պարզապես նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի կատարումը կնպաստեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան կողմ է վեց երկրների հարթակին, որը նախաձեռնել է Թուրքիան: Խոսքը տարածաշրջանի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին է։

Այսօր Մարիա Զախարովան խոսել է նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից` նշելով, թե Մոսկվան ողջունում է համանախագահների գործունեության ակտիվացումը վերջին շրջանում և համարում է, որ համանախագահները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և առաջին հերթին զբաղվեն հումանիտար հարցերով, ինչից հետո հնարավոր կլինի անցնել քաղաքական կարգավորմանը։

Անցած կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Նման հայտարարություն Թուրքիայի նախագահն արել էր լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և համապատասխանաբար կարձագանքի:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաև օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995 թվականին։ Չնայած 1991թ. դեպտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button