Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացումը չի նպաստի Դոնբասում իրադրության կայունացմանը։ Այս մասին Պեսկովը հայտարարել է այսօր, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վերջին հայտարարությունը, որի համաձայն առաջիկայում Ուկրաինան 60 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնություն կստանա։
«Կարծում ենք, որ հեռանկարում նման քայլը Ուկրաինայի կողմից անկանխատեսելի քայլերի կարող է հանգեցնել, երբ Կիևը փորձի երկրի արևելքում առկա հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Դա շատ վտանգավոր է», – Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Մեկնաբանելով ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունները, Դմիտրի Պեսկովը ընդգծում է․ «Պարզ ասած մենք գործ ունենք ուկրաինա-ամերիկյան բարեկամության մասին, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նրանք ոչ թե բարեկամներ են որպես այդպիսին, այլ բարեկամներ են ընդդեմ Ռուսաստանի։ Դա ափսոսանքից բացի այլ զգացում չի կարող առաջացնել», – պնդել է Կրեմլի խոսնակը։