Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը։
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ «այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում»:
Ցավակցելով պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` նախագահը շեշտել է՝ համահայկական փորձության առջև ենք, հաղթահարելու համար համազգային միասնություն ու համախմբում է անհրաժեշտ: «Այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք», – եզրափակել է նախագահը:
«Պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել սեփական հայրենիքում»
«Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով», – իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Կարևորագույն օր համարելով սեպտեմբերի 2-ը, Արցախի նախագահը նշել է՝ «30 տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
«Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող», – ասել է Արցախի նախագահը։