Պաշտոնական Լոնդոնը չի պատրաստվում ճանաչել «Թալիբանի» իշխանությունը, սակայն այդ շարժման հետ շփումներից հրաժարվել ևս չի ցանկանում։ Քաթար կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։
«Մենք չենք պատրաստվում ճանաչել «Թալիբանին»։ Դրա հետ մեկտեղ այդ շարժման հետ ուղղակի շփումների կարիք մենք զգում ենք։ Նման շփումների պարագայում է միայն հնարավոր ուղերձներ փոխանցել և ստանալ դրանց պատասխանը», – հայտարարում էր Ռաաբը՝ ընդգծելով, որ այժմ միջազգային հանրությունը գնահատում է Աֆղանստանի գրեթե ողջ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանած շարժման առաջին քայլերը։
«Առաջին քննությունը Քաբուլի օդանավակայանից իրականացված տարհանման հանդեպ թալիբների որդեգրած մոտեցումն էր։ Այժմ արդեն այլ իրադրություն է, և մենք պետք է տեսնենք՝ արդյոք ապահովվելու է Աֆղանստանն ազատորեն լքելու մարդկանց իրավունքը», – հայտարարում էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։