Ֆրանսիան Հարավային Կովկասում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար, Հայաստանի արտգործնախարարին ուղղված ուղերձում նշել է նրա ֆրանսիացի պաշտոնակիցը: Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հավաստիացրել է Արարատ Միրզոյանին, որ Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` «բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում», և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
«Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը», – շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Նա նաև վերահաստատել է իր երկրի լիակատար աջակցությունը դժվարին փուլ անցնող հայ ժողովրդին` հավելելով, որ
հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը պարտավորեցնում է առավել խորացնել տնտեսական համագործակցությունը` «ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը»: