ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը Երևանում Միրզոյանի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը Երևանում է։ Այսօր նրան ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչպես Հայաստանի արտգործնախարարությունն է փոխանցում, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Պատերազմի ավարտից գրեթե 10 ամիս է անցել, սակայն Ադրբեջանում դեռ գերիներ կան։ Բաքուն միայն 45 գերեվարվածների մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը:

Արարատ Միրզոյանն այսօր շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը՝ նշելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանցի համանախագահը նախքան երևանյան այցը եղել է Բաքվում, օգոստոսի 30-ին հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, ինչպես նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Խովաևը նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չէր հաղորդվում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button