ՀՀ-ԵՄ հարաբերություններն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպման օրակարգում էին։
Կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում գործակցության խթանումը՝ նրանք հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Անդրեա Վիկտորինի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին՝ դրանք որակելով լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին՝ հրատապ է համարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց անվերապահ հայրենադարձման խնդիրը։
Արարատ Միրզոյանը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։