Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, հայտարարել է արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը այս մասին խոսել է Քաթարի արտգործնախարարի՝ Սուլթան բին Սաադ Ալ Մուրեյհիի հետ հանդիպման ժամանակ։
«Չնայած հարևան երկրի կողմից մեր հանդեպ տասնամյակներ շարունակված ագրեսիվ քաղաքականությանը՝ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, հավելելով, որ այդ մասին ավելի մանրամասն մինչ այդ նախագահ Ալիևն է հայտարարել։
Անցած ամիս CNN Turk-ի հետ զրույցում Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։
«Մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից», – ասել էր Ալիևը, հավելելով, որ այդ առաջարկը հավերժ չի կարող մնալ բանակցային սեղանի վրա։