Սիբիրում գտնվող Նորիլսկ քաղաքում ընթացող վարժանքների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պաշտոնյայի մահվանը հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել արկտիկական գոտում արտակարգ իրավիճակների հակազդմանը նվիրված միջգերատեսչական վարժանքների ժամանակ։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Զինիչև փորձել է կանխել վարժանքները նկարահանող օպերատորի անկումը, սակայն սայթաքել է և վայր է ընկել մեծ բարձրությունից։
Զինիչևը 55 տարեկան էր, ծնունդով՝ Սանկտ Պետերբուրգից։ Մինչև 2018 թվականին նախարար նշանակվելը նա զբաղեցնում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրենի պաշտոնը։ 2006-ից 2015 թվականներին Զինիչևը Ռուսաստանի նախագահի թիկնապահներից մեկն էր։