«Գազպրոմն» ավարտել է «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի կառուցումը

«Գազպրոմ» ռուսական ընկերությունն այսօր հայտարարել է «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի կառուցումն ավարտելու մասին:

Գազատարն անցկացվել է Բալթյան ծովի հատակով և բնական վառելիքը պետք է Ռուսաստանից հասցնի Գերմանիա, որտեղից կփոխադրվի ոչ միայն գերմանական, այլև արտասահմանյան շուկա:

Գազատարը շրջանցում է Ուկրաինայի տարածքն, ինչի հետևանքով Ուկրաինան կզրկվի գազի տարանցման համար մոտ 2 միլիարդ դոլարի տարեկան եկամուտից:

Ուկրաինան, Լեհաստանը, Բալթյան երեք հանրապետությունները, եվրոպական մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Միացյալ Նահանգները մշտապես պնդել են, որ այդ գազատարը շահագործման հանձնելուց հետո բնական վառելիքի հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի ծանր կդառնա:

Այդ երկրները Գերմանիային հորդորել են հրաժարվել ծրագրից, սակայն Բեռլինն ընդդիմացել է, պնդելով, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը սոսկ տնտեսական նախաձեռնություն է:

Գազատարի երկարությունը 1200 կիլոմետր է, կառուցումը սկսվել է 5 տարի առաջ, ծրագրի արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է:

2019 թվականին կառուցումը դադարեցվել է, քանի որ ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ծրագիրն իրականացնող ընկերությունների նկատմամբ:

Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենն այս տարի ասել է, որ չեղարկում է պատժամիջոցները, քանի որ չի ցանկանում սրել հարաբերությունները դաշնակից Գերմանիայի հետ և, բացի այդ, պարտավոր է հաշվի առնել այն, որ գազատարի կառուցումը գրեթե ավարտվել է:

«Հյուսիսային հոսք-2» գազատարից զատ, արդեն 10-ը տարի առաջ՝ 2011 թվականի նոյեմբերի 8-ից շահագործվում է նաև «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարը: Դրանց միացյալ թողունակությունը կհասնի 110 միլիարդ խորանարդ մետրի, ինչը կկազմի Ռուսաստանից Եվրոպա տարեկան փոխադրվող բնական վառելիքի ընդհանուր ծավալի մոտ կեսը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button