Ջո Բայդեն՝ «Սեպտեմբեր 11-ից քաղած դասն այն է, որ միասնությունը չի կարելի քանդել»

Loading...

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով անդրադարձել է մարդկության պատմության ընթացքում այդ աննախադեպ ահաբեկչությանը:

«Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում զոհերի հիշատակին: Շատ ծանր է, անկախ այն բանից՝ առաջին տարելիցն է, թե 20-րդ: Նշանակություն չունի, թե ինչքան ժամանակ է անցել, այս ոգեկոչումները ցավալիորեն հետ են բերում հուշերը, ամեն ինչ, կարծես, վայրկյաններ առաջ ես իմացել այդ լուրը»,- ասել է Բայդենը:

2001 թվականի սեպտեմբեր 11-ին «Ալ-Ղայդայի» մահապարտ ահաբեկիչներն առևանգել են 4 ուղևորատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ-երկնաքերերի մեջ, մեկը հարվածել է Պենտագոնի համալիրին և ևս մեկը, որում պայքարի մեջ են ներքաշվել ահաբեկիչները և ուղևորները, վայր է ընկել Պենսիլվանիայի նահանգում:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ երեք հազար մարդ, նրանցից ավելի քան 2 հազար 600-ն ավերված երկնաքերերում:

2001-ի սեպտեմբեր 11-ի առավոտյան 8-ն անց 46-ին American Airlines ընկերության օդանավը հարվածել է Առևտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային երկնաքերին, ապա 9-ն անց 3-ին United Airlines ընկերության օդանավը խոցել է Հարավային երկնաքերը:

Ավանդույթի համաձայն, այդ պահերին հայտարարվում է լռության րոպե: Նույն կարգով ոգեկոչում են Պենտագոնում զոհվածներին, դա տեղի է ունենում 9-ն անց 37-ին, իսկ 10-ն անց 28-ին մեկ րոպեով հարգանքի տուրք են մատուցում Պենսիլվանիայի նահանգում Շանկսվիլ բնակավայրի շրջանում ընկած օդանավի զոհերի հիշատակին:

Եվ մեկ ավանդույթի համաձայն, սեպտեմբեր 11-ին ընթերցում են այդ ահաբեկչության բոլոր զոհերի անուն-ազգանունները:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք: Օրեր անց նախագահը Նյու Յորքում երկնաքերերի ավերակների մոտ դիմել է փրկարարներին և տեղանքը մաքրող բանվորներին:

«Այսօր Ամերիկան՝ ծնկի եկած, աղոթում է հարազատներին կորցրած մարդկանց համար, բանվորների համար, բոլոր նրանց համար, ովքեր այստեղ են, ովքեր սգո մեջ են, մեր ազգը Նյու Յորքի, Նյու Ջերզիի, Քոնեկտիկուտի հրաշալի ժողովրդի հետ է, մենք սգում ենք մեր հազարավոոր հայրենակիցների կորուստը, մենք լսում ենք ձեզ, ես լսում եմ ձեզ, ամբողջ աշխարհը լսում է ձեզ և նրանք, ովքեր ավերել են այս շենքերը, շատ շուտով նրանք էլ կլսեն ձեր ձայնը»,- ասել է Բուշ-կրտսերը:

Սպիտակ տունն Աֆղանստանի թալիբներին ներկայացրել է «Ալ-Ղայդայի» առաջնորդ Ուսամա Բին Լադենին արտահանձնելու վերջնագիր: Երբ թալիբներն այն մերժել են՝ Միացյալ Նահանգները և դաշնակիցները ռազմական հուժկու գրոհով գրավել են Աֆղանստանը և վտարել են թալիբներին:

2011-ի մայիսի 2-ին ամերիկյան հատուկ ստորաբաժանումը Պակիստանի տարածքում հայտնաբերել և ոչնչացրել է Ուսամա Բին Լադենին: Ամերիկացի զինծառայողները նրա դին տեղավորել են սավանի մեջ և մահմեդական արարողակարգով ուղեկցված աղոթքով, գցել են ծովը:

Աֆղանստանում դեմոկրատական պետություն կայացնելու Արևմուտքի փորձը ձախողվել է, այս տարվա օգոստոսի 31-ին Միացյալ Նահանգները դուրս է հանել Աֆղանստանից բոլոր զորամիավորումները, և 20 տարի տևած պատերազմն ավարտվել է:

Այսօր Աֆղանստանում իշխանությունը գրավել է թալիբների նոր սերունդը, որը հավաստիացնում է, թե 1990-ականների միջնադարյան բռնություններն ու դաժանությունները չեն կրկնվի:

Արևմուտքն ու Աֆղանստանի բնակիչների զգալի մասը մեծ վերապահումներով են ընդունում թալիբների նմանօրինակ խոստումները:

Նախագահ Ջո Բայդենն իր այսօրվա ուղերձում ասել է, որ սեպտեմբեր 11-ից Ամերիկայի քաղած ամենակարևոր դասն այն է, որ առավել հզոր ուժը միասնությունն է տալիս:

«Մենք հասկացանք, որ միասնությունը երբեք չի կարելի քանդել, միասնությունն է մեր էությունը»,- ասել է Ջո Բայդենը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button