Մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը վերջերս վիրահատության ենթարկվելուց հետո: Հռոմի պապը նախ Բուդապեշտում կարճատև կանգառ կանի, որտեղ նախատեսված է հանդիպում ծայրահեղ աջ պոպուլիստ համարվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սեպտեմբերի 12 -ին ընդամենը յոթ ժամ կանցկացնի Բուդապեշտում, կես ժամ կտևի նրա հանդիպումը Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերի հետ:
Հռոմի պապը հետևողականորեն կոչ է անում կառավարություններին օգնել պատերազմից և աղքատությունից փրկված բոլոր կրոնների դավանող մարդկանց, իսկ Օրբանը հայտնի է որպես Եվրոպա մուտք գործել ցանկացող փախստականներից պաշտպանվող:
Արգենտինայում ծնված պապը, որի ընտանիքը գաղթել է Իտալիայից, հաճախ է հանդես գալիս փախստականներին աջակցող ելույթներով` խստորեն քննադատելով նրանցից երես թեքող առաջնորդներին:
Դրան հակադրվում է միգրացիայի դեմ Օրբանի կոշտ դիրքորոշումը. նա հաճախ իր կառավարությանը ներկայացնում է որպես «քրիստոնեական քաղաքակրթության» պաշտպան մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներից ներգաղթի դեմ:
Այցի կազմակերպիչների պնդմամբ` Հռոմի պապը հրավիրված է պատարագ մատուցելու՝ սեպտեմբերի 12 -ին փակելու միջազգային կրոնական համաժողովը, ի տարբերություն Սլովակիայի, ուր 84-ամյա հովվապետը պաշտոնական այցով է մեկնելու: Այս այցը նաև ավելի ընդգրկուն է, այն կտևի ավելի քան երկու օր: