Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է երկրի Արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` հակամարտությունն անցյալում է, և «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: «Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», – շեշտել է Լեյլա Աբդուլաևան:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում:
ԱԳՆ մամուլի քարտուղարը իր հերթին շեշտել է նաև, որ նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությունը հնարավորություններ է տալիս հարաբերությունները կարգավորել` տարածաշրջանում նոր իրողությունների, այդ թվում ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, իսկ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ծառայում է «իրավիճակի սրմանը և անհիմն սպասելիքներ է ստեղծում հայկական կողմի մոտ»:
«Մինչ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը, համանախագահ երկրի ներկայացուցչի նման հայտարարությունը խաթարում է Մինսկի խմբի հետագա գործունեությունը »,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, Մինսկի խումբն էլ անելիք չունի։
Դեսպանը երեկ, մասնավորապես, ասել էր. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը։ Իհարկե, 30 տարվա պատերազմի ու լարվածության մթնոլորտը մեկ գիշերում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար հարցեր, որոնք մենք կարևորում ենք։ Ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»: