Ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան

Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես նաև քվեարկությունից հետո առերևույթ ընտրական հանցագործությունների, ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների դեպքերով ընդհանուր առմամբ հարուցվել, քննվել կամ քննվում են շուրջ 80 քրեական գործեր, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն, ընտրակաշառքի միջնորդությանը:

Դատախազության հաղորդագրության համաձայն, նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 87 անձանց, որոնցից 86 տոկոսին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալուն միջնորդելու, ընտրակաշառք տալու փորձի, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար, իսկ 14 տոկոսին՝ ընտրական բնույթի այլ, այդ թվում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, կամ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու, կամ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար:

Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 2 դաշինքների՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան», և 2 կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» և «Վերելք», պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:

Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության վերոնշյալ բոլոր 8 թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում առանձին դեպքերում դատախազի, կամ դատարանի որոշումներով կալանավորումը փոխարինվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներով:

Սեպտեմբերի 9-ի դրությամբ քննված վերոնշյալ քրեական գործերից 16-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 24 անձ, այդ թվում 16-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու, ինչպես նաև՝ ընտակաշառք ստանալու, 2-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, 1-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 2-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու, 3-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով:

Դատարան ուղարկված բոլոր գործերով ընթանում են դատական քննություններ, առանձին դեպքերում դրանք գտնվում են ավարտական փուլում:

Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են «Հայաստան» դաշինքի, 10-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ սատարող, 4-ը՝ այլ անձինք, նշված է հաղորդագրությունում։

39 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button