Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Սուրբ Մարտինի տաճարում հանդիպել է Սլովակիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսներին, քահանաներին և ճեմարանի սաներին:
84-ամյա կաթոլիկ քահանայապետն առաջին անգամ է մեկնել արտասահման հուլիսին Հռոմում վիրահատության ենթարկվելուց հետո:
Սուրբ Մարտինի տաճարում դիմելով Սլովակիայի կաթոլիկ առաջնորդներին և սպասավորներին, մոլորակի կաթոլիկների ղեկավարը կոչ է արել չկորցնել կապը մարդկանց հետ և չտարանջատվել հավատացյալներից:
«Եկեղեցին ամրոց չէ, հզոր հենակետ կամ ինքնաբավ վեհ տաճար չէ, որը վերևից նայում է ներքևում գտնվող աշխարհին, այստեղ Բրատիսլավայում դուք լավ տաճար ունեք, բայց եկեղեցին նախևառաջ համայնք է, որն Ավետարանի ուրախությամբ մարդկանց կանչում է Հիսուսի մոտ, դա մեր աշխարհում սիրո և խաղաղության Աստծո արքայությունն է, եկեք չտրվենք աշխարհիկ գայթակղություններին», – ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սլովակիայում:
Այսօր Վատիկանի առաջնորդը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի, ապա Սլովակիայի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: