Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներն են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ կայացած հանդիպման ժամանակ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն այդ համատեքստում ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Նույն օրը ֆրանսիացի համանախագահին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Միրզոյանը վերահաստատել է, որ հայկական կողմը սատարում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը։