Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Համաձայն հաղորդագրության՝ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել Հայաստանի ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: