Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ֆրանսիական դեսպանության, ՀՀ Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաների ներկայությամբ:
Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի շխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով: Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն ուղարկեց, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին Հանրապետության Նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց 200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին», – ասված է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի նախագահն այդ առիթով հայտարարել էր. – «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200 հազար դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»։