Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ զարգացումները

Loading...

Երկկողմ օրակարգի լայն շրջանակ են քննարկել ու համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հինգշաբթի օրը Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության հանրային դիվանագիտության կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:

Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխադարձ աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:

Արարատ Միրզոյանը Տաջիկստանի մայրաքաղաքում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Մայիսին, երբ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացավ մի քանի կիլոմետր խորության վրա, պաշտոնական Նյու Դելին մտահոգություն հայտնեց՝ կոչ անելով «խախտող կողմին անմիջապես հետ քաշել ուժերը և դադարեցնել որևէ հետագա սադրանք»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button