Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Ռայիսինկրկին շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:
Նշելով, որ Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը՝ Փաշինյանը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի, Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ կարևորում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Սակայն արդեն 6 օր է՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդներից հարկեր է պահանջում։ Տնտեսագետների կանխատեսումներով, եթե իրավիճակը չշտկվի, դա կարող է ազդել տնտեսական ակտիվության վրա։