Վրաստանի պետանվտանգության ծառայությունը, հնարավոր է, գաղտնալսում է Թբիլիսիում աշխատող դիվանագետներին, այդ թվում՝ ԵՄ-ի դեսպան Կարլ Հարցելին: Այս տեղեկատվությունը, որի մասին ավելի վաղ հայտնել էին վրացական լրատվամիջոցները, մեկնաբանել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Սա շատ լուրջ հարց է, քանի որ այն պետք է դիտարկել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում։ Այդ համատեքստում մենք ձեռնարկում ենք համապատասխան քայլեր, ինչպես նման իրավիճակներում ենք անում, բայց հաշվի առնելով ենթադրյալ միջադեպը, այս պահին ավելին չենք ասի»,- «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է Ստանոն։
Գաղտնալսման ենթադրյալ «զոհերից» է, ըստ լրատվամիջոցների, Վրաստանում Եվրամիության դեսպանը, նրա ենթակաները, ԱՄՆ-ի դեսպանատան աշխատողները, Վրաստանում Իսրայելի դեսպանը և այլ դիվանագետներ։