Նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայում Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային մի շարք հայտնի ընկերությունների հիմնադրամների ու կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում՝ Google-ի, Cargill-ի, Nestlé-ի, Revolution-ի, Highgate-ի, OneRagtime-ի։
Նախագահը Ֆրանսիայում է ՝ «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում։
Որպես Հայաստանի կարևոր մրցակցային առավելություն Արմեն Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչը, Սարգսյանի խոսքով, օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։
Նախագահը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:
Հայաստանի նախագահը հանդիպման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: