Ադրբեջանական կողմը կիրակի ուշ երեկոյան վերադարձրել է Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներին, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):
Այսօր կեսօրին ծառայությունը տեղեկացրել էր, որ Քասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահների կողմից իրականացվում էին համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց», – ասված է կեսգիշերին մոտ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած հաղորդագրությունում: