Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընդունելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

«Շատ ուրախ եմ, որ Դուք մասնակցում եք հայ-ռուսական գործարար համաժողովին: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը Հայաստանում: Իհարկե, մենք մեծապես շահագրգռված ենք, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները լինեն ակտիվ՝ հատկապես հիմա, երբ հետպատերազմական վերականգնման փուլում ենք: Այս իմաստով սա նաև կարևոր առիթ է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի հետ կապված ընթացիկ անելիքները քննարկելու համար։ Եվ, ինչպես ես մի քանի անգամ նշել եմ, մենք մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն, որում, ցավոք, արդեն գտնվում ենք ավելի քան 25 տարի», – վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգեն:

Հայաստանի համար շատ կարևոր է վերջապես երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կբացի «մեր տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում մեր ինտեգրացիայի համար։ Սա նաև մեր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի արդյունավետ կդարձնի»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին նշել է. «Առավոտվանից արդեն մենք կլոր սեղանների շարք ենք անցկացրել, որտեղ հավաքվել են հայաստանյան և ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչները: Մհեր Հերբերտիի հետ այսօր շրջել ենք բոլոր կլոր սեղաններով, իսկ դրանք կլոր սեղաններ են ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության, նորարարությունների զարգացման հարցերով: Ամենակարևորը շփումներն են, որ տեղի են ունենում՝ կան պատկերացումներ ինչ-որ նախագծերի շուրջ, դրանց հաջորդում են քննարկումները և կապերի հաստատման մտադրությունները: Այսինքն՝ սա ապագային միտված աշխատանք է, և դա ողջունելի է. հենց այդ նպատակով էլ մենք եկել ենք՝ կապերը վերականգնելու և առավել սերտացնելու, բարելավելու համար»:

Այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետը՝ Հայաստանի իր գործընկերոջ՝ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է Հայաստան Ռուսաստանի գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button