Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկության ավարտից մի քանի ժամ անց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել էր հրապարակել առաջին նախնական տվյալները, «Եդինայա Ռոսիա»-ն հայտարարեց իր հաղթանակի մասին: Իշխող կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակի խոսքով՝ հաղթանակն արդար էր և ազնիվ:
Երբ քվեների հաշվարկը նոր էր սկսվել, «Եդինայա Ռոսիա»-ն ուներ ընդամենը 38 տոկոս, կոմունիստները՝ 25 տոկոսից ավելի, սակայն ամեն ժամ իշխող կուսակցությունը ստանում էր մի քանի տոկոս ավելի, իսկ կոմունիստներն այդ մի քանի տոկոսը կորցնում էին:
Կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը, այդուհանդերձ, կեսգիշերին իր կուսակցության աջակիցներին շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ մարդիկ հավատացել են կոմունիստներին, և կուսակցությունը 1996 թվականից ի վեր այսքան շատ ձայներ չէր հավաքել:
Արմատական ընդդիմությունն ասում է, որ այս ընտրություններն արդար չէին նույնքան, որքան 2011 թվականի ընտրությունները, երբ Մոսկվայում այդ ընտրություններից հետո անցնում էին աննախադեպ մարդաշատ բողոքի ակցիաներ:
Իշխանությունները հայտարարում են, թե ընտրությունները հանգիստ են անցել, առանց լուրջ խախտումների: Անկախ դիտորդները հակառակն են պնդում՝ հայտնելով զանգվածային և համատարած կեղծիքների մասին:
«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունն ասում է, որ այս ընտրություններին գրանցվել են աննախադեպ շատ՝ 4 հազարից ավելի խախտումներ:
Մանրամասները տե՛ս այստեղ