Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներն այս շաբաթ կհանդիպեն ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի հետ՝ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ փակուղի մտած բանակցությունների վերսկսման կոչ անելու համար:
«Բանակցությունները պետք է վերսկսվեն», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ընդգծելով՝ ժամանակը գործում է հնարավոր համաձայնության դեմ:
Իրանի և համաշխարհային տերությունների միջև բանակցությունները պատժամիջոցների մեղմացման դիմաց Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ դադարեցվել են հունիսից, երբ Իրանում նախագահ ընտրվեց կոշտ դիրքորոշում ունեցող Էբրահիմ Ռայիսին:
Միջնորդի դերում հանդես եկող Եվրամիությունը ջանքեր է գործադրում՝ վերակենդանացնելու բանակցությունները Իրանի և համաշխարհային տերությունների միջև՝ 2018 թվականին պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո։