Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո ընդդիմության առաջնորդների մոտ տարբեր տրամադրություններ են։ Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն ընտրությունները կեղծված է համարել, հատկապես ինտերնետային քվեարկությունը։ Մոսկվայի 15 տեղամասերի կեսից ավելիում կոմունիստներն առջևում էին, բայց բոլորը պարտվեցին, երբ գումարվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները։
«Սրանք կեղծված ընտրություններ են, ոչ մեկին պետք չեն և ավելի են խորացնում հասարակության մեջ առկա առանց այդ էլ մեծ սոցիալական ճեղքվածքը», – ասել է Զյուգանովը։
Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիան» ստացել է ընտրողների շուրջ 50 տոկոսը, կոմունիստները երկրորդ տեղում են` 19 տոկոսով։ Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատներն ու «Սպրավեդլիվայա Ռոսիան» 7- ական տոկոսից ավելի են ստացել։
Պետդումա մտած 5-րդ կուսակցությունը «Նովիե լյուդի» նորաստեղծ կուսակցությունն է, որի ղեկավար Ալեքսեյ Նեչաևը ավելի լավ տրամադրություն ունի՝ մեկ տարի առաջ գրանցված այդ կուսակցությունը հաղթահարել է 5 տոկոսի սահմանը և Պետդումայում 13 պատգամավոր կունենա։
Նեչաևն ասել է, թե պատրաստ են ներկայացնել նաև այն ընտրողներին, որոնց թեկնածուները Պետդումա չեն անցել։
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չկարողացավ մասնակցել ընտրություններին։ Նա բանտարկված է, նրա կազմակերպությունները՝ արգելված։
«Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին վստահ է. «Այսօրվա բռնաճնշումները, օտարերկրյա գործակալների, անցանկալի կազմակերպությունների հետ կապված պատմությունները, հանրահավաքների արգելքները, ձերբակալությունները, սպառնալիքները, լրագրողների հետապնդումները՝ այդ ամենը կպահպանվեն և ավելի կահագնանան»։