ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում վակցինայի ևս 500 միլիոն չափաբաժին տրամադրել աղքատ երկրներին։ Կառավարությունը Pfizer տեսակի դեղամիջոց կգնի ու կբաժանի այլ երկրների։
«Ես պահում եմ իմ խոստումը, որ Ամերիկան կդառնա վակցինայի զինանոց», – երեկ ասել է Բայդենը։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն վակցինայի մեկ միլիարդ 100 միլիոն դեղաչափ է բաժանում, ավելին, քան աշխարհի որևէ այլ երկիր։
Բայդենն ասել է, որ Ամերիկայի ներսում կորոնավիրուսի դեմ կատարվող ամեն մի վակցինայի դիմաց ԱՄՆ-ն պարտավորվում է 3 վակցինա կատարել աշխարհի մյուս երկրներում։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել էր զարգացած երկրներին, որ դեղամիջոցի երկու չափաբաժինն ամբողջությամբ ընդունած իրենց քաղաքացիների համար պլանավորում են լրացուցիչ վակցինա այն դեպքում, երբ աշխարհով մեկ դեղամիջոցի պակաս կա։ Նյու Յորքում աշխարհի առաջնորդների հետ հանդիպմանը սա նշել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Ջո Բայդենն ասել է, որպես ԱՄՆ-ի նախագահ, իր առաջին պատասխանատվությունը Ամերիկայի ժողովրդին պաշտպանելն է։ Բայդենը նաև զարգացած մյուս երկրներին է կոչ արել սեփական պատվաստանյութի նվիրատվություններ կատարել, քանի որ առողջապահական համակարգի փորձագետների ասելով՝ աղքատ երկրներին դեղամիջոցի 5-6 միլիարդ չափաբաժին է անհրաժեշտ – կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։
Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում արդեն ավելի քան 4 միլիոն 700 հազար մարդ է մահացել։