Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը:
«Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում է իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա», – ասված է դիմումում:
«Անդրադառնալով 2020 թվականի աշնանը բռնկված մարտական գործողություններին՝ Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանը մեկ անգամ ևս թիրախավորել է ադրբեջանցիներին ազգային ատելության վրա հիմնված դաժան վերաբերմունքով», – ասված է դատարանի հաղորդագրությունում։
Դիմումը պարունակում է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառելու պահանջ՝ մինչև տվյալ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Ավելի վաղ Հայաստանն է Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: