Նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյիդ Մոհամմադ Կազեմ Սաջադպուրը։
«Մենք վերահաստատել ենք բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև և ընդգծել ակադեմիական, հետազոտական համագործակցությունը», – Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Երկու հարևան երկրների միջև վերջին շաբաթներին ստեղծված լարվածության ֆոնին սրանք իրանա-ադրբեջանական հերթական բանակցությունն է։ Անցած օրերին Բաքվում Իրանի դեսպանն է արդեն երկու անգամ հանդիպում ունեցել Հաջիևի հետ, կողմերը, սակայն, խնդրահարույց թեմայի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում։
Մոտ տասն օր առաջ ադրբեջանցի զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է, նրանց ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: