Շուշիի վերաբերյալ քրեական գործերով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ Արցախի նախագահը և այլ պաշտոնյաներ

2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի և Արցախի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել և քննվում է ավելի քան 2 հազար քրեական գործ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ քննվում են ինչպես, օրինակ, զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն, այնպես էլ Արցախի հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի սահմաններ և դեպի Արցախի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները:

Գլխավոր դատախազությունը նաև տեղեկացնում է, որ քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, միայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ, այդ թվում՝ Արցախի նախագահ, Պաշտպանության բանակի հրամանատարներ, Արցախի նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք։

Քննվող քրեական գործերով ավելի քան 800 անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում նաև՝ Հայաստանի Զինված ուժերի բաձրաստիճան սպաների, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ավելի վաղ դատախազությունից «Ազատության»-ը փոխանցել էին, որ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։

Դատախազության այսօրվա փոխանցմամբ, ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ, այդ թվում 1 անձի վերաբերյալ՝ ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար։ Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button