ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորը ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայում և Եվրասիայում մարդու իրավունքներին նվիրված համաժողովը, որը պետք է բացվեր Վարշավայում, չի կայացել: Պետքարտուղարի խոսքով՝ համաժողովն արգելափակել է Ռուսաստանի կառավարությունը:
«Մենք խորապես ափսոսում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը փորձում է արգելափակել մարդու իրավունքների վիճակի վատթարացման ուսումնասիրությունը [այս երկրում]», – ասել է Բլինքենը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ դա տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ-ի կողմից անցկացվող ամենամյա հանդիպում է, որին մասնակցում են կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ամբողջ տարածաշրջանից:
Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է ակնկալել, որ ԵԱՀԿ-ը և կազմակերպության անդամ պետությունները կշարունակեն այդ տարեկան հանդիպումները, ինչպես սահմանված է:
Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի հորդորել Մոսկվային կատարել իր պարտավորությունները, ներառյալ՝ երաշխավորել հիմնարար ազատությունները։